Մեր երկրի բարեկեցությունը, անվտանգությունն ու կայուն զարգացումը կարող են հնարավոր դառնալ որակյալ բարեփոխումների շնորհիվ։ Դրանցից ամենակարևորը հանդիսանում է բանակի բարեփոխումը։
Ինպե՞ս դա իրականացնել
-
- Բանակի բարեփոխման հիմնական ուղղությունները հաստատել հանրային երկխոսության միջոցով
- Ձևավորել հանձնաժողովներ և կառույցներ, որոնք պատասխանատու են այս կամ այն տարրերի և բարեփոխման ուղղությունների համար
- Մշակել բարեփոխումների ռազմավարություն, խթանել և վերահսկել դրա հետևողական իրականացումը
Ստորև նշված են բանակի բարեփոխման մի քանի ուղղություններ, որոնք մեր թիմը համարում է առանցքային և հրատապ։
1
Հայաստանը գտնվում է մշտական ռազմական ագրեսիայի սպառնալիքի ներքո։ Այս կարգավիճակը մեզանից պահանջում է անցում դեպի հանրության և բանակի խորը ինտեգրում, այդ թվում` բանակային զորակոչի և ծառայության համակարգի կատարելագործում` հաշվի առնելով զորակոչիկների հմտություններն ու ներուժը, մասնավոր բիզնեսի ներգրավվածություն բարձր տեխնոլոգիական ռազմական արդյունաբերության նախագծերում։
2
Զինամթերք ձեռք բերելու և ռազմական մասնագետներին վարձատրելու ծախսերը պիտի լինեն առաջնային, իսկ կոռուպցիան պետք է հավասարազոր լինի հայրենիքի դավաճանությանը։ Գնումներ և պատվերներ կատարելիս ՊՆ-ն պետք է առաջնահերթությունը տա հայկական ընկերությունների մատակարարումներին։ Ընդ որում՝ անհրաժեշտ է ստեղծել արտադրվող ապրանքների որակի վերահսկման և խթանման համակարգ։
Հայաստանի ներսում ֆինանսների պահպանումը, աշխատատեղերի ապահովումն ու հայ մասնագետների պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացումը թույլ կտան ստեղծել ռազմաարդյունաբերական համալիր, որը երկրին հնարավորություն կտա շահույթ բերել երկարաժամկետ հեռանկարում։
3
Տարբեր պատճառներով ներկա պահին հանրության և երկրի ռազմական ղեկավարության միջև առկա է փոխվստահության ճգնաժամ։ Վստահության վերականգնումը հնարավոր է բարեփոխումների իրականացման ֆոնին նրանց միջև ազնիվ և բաց երկխոսություն կառուցելով։
Բոլոր բաց գործընթացները պետք է հասանելի լինեն քաղաքացիների կողմից մոնիտորինգի համար։
Որոշ գործընթացների և փաստաթղթերի գաղտնի կարգավիճակը չպետք է հանրության շրջանում ակնհայտ հարցեր ու կասկածներ առաջացնի։
4
Անհրաժեշտ է ՊՆ-ի կադրային քաղաքականության վերանայում` մասնավորապես կադրերի պրոֆեսիոնալ համապատասխանության չափանիշների մշակում, ծառայողական աճի համակարգի ստեղծում, որը կխրախուսի նրանց, ովքեր ցանկանում են և կարողանում են զարգանալ, ովքեր գիտակցում են սպառնալիքները և ունեն իրավիճակի իրատեսական պատկերացում, հասկանում են իրենց առջև դրված առաջադրանքների մասշտաբները և արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը։
Մենք պետք է աջակցենք նպատակասլաց, արդյունավետ, ինտելեկտուալ, կարգապահ ծառայողներին, ովքեր ընդունակ են լինել նախաձեռնող։ Բանակում պետք է արմատախիլ արվի անձնական շահը հանրային շահից վեր դասելու ցանկացած փորձ։
5
Այսօրվա բանակի ամենամեծ խնդիրներից մեկը պահեստազորների մոբիլիզացման համակարգն է։ Այն պետք է կազմվի նորից և օպտիմալացվի հասարակության լայն շերտերի համար։ Հարկավոր է հասնել պահեստազորայինների մաքսիմալ արդյունավետ բաշխմանը` հաշվի առնելով նրանց կարողություններն ու ռազմական մասնագիտացումը։
Պահանջվում է պահեստազորայինների մարտունակության արդյունավետ աջակցման համակարգ։ Ռազմական հավաքներին մասնակցությունը պետք է լինի ոչ միայն պատվաբեր, այլև օգտակար իրենց քաղաքացիական կյանքի և կարիերայի համար։
6
Բանակի առանցքային խնդիրներից մեկը մարտական գործողություններ վարելու արդիական կանոնակարգի բացակայությունն է։ Այս խնդիրը կարող են լուծել ռազմավերլուծական կենտրոնները, որոնք կատարելու են ՊՆ-ի պատվերները։
Անցած պատերազմի հանգամանքների հետազոտությունների ու հակառակորդի հետ բազում բախումների մասին տեղեկատվության հիման վրա, ինչպես նաև ուսումնասիրելով համաշխարհային փորձը` մենք պետք է մշակենք պատերազմների և հատուկ գործողությունների բազմաթիվ սցենարներ։ Նրանք պետք է ներառեն ոչ միայն մարտական գործողություններ, այլև թիկունքի աջակցություն, մեդիա պատերազմներ, դիվանագիտական աշխատանք և փափուկ ուժի գործածում։