ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 30.03.2022

Հետ

Իրավիճակն աշխարհում և տարածաշրջանում մեզնից պահանջում է շտապ գործողություններ:

Որպես բանակի բարեփոխումների
առաջին քայլ՝ 2021 թվականի փետրվարին ՌեֆորմԱրմենիա նախաձեռնությունը հանդես եկավ
44-օրվա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող՝ Ճշմարտության հանձնաժողովի ստեղծման
ծրագրով, որին աջակցեցին տարբեր հայացքներ ունեցող գործիչներ։ Հայտարարվել է, որ ծրագրի
կարևորագույն պահանջն է՝ անկողմնակալ, ապաքաղաքական քննություն։ 2022 թվականի փետրվարի
14-ին կայացավ հանձնաժողովի առաջին նիստը։

ՌեֆորմԱրմենիան բարձր
է գնահատում Հանձնաժողովի ստեղծումը և ուշադիր հետևում հաջորդող բոլոր գործընթացներին։
Այդուհանդերձ մենք հայտարարում ենք.

1. Անհրաժեշտ է հրապարակել 2016 թվականի Քառօրյա պատերազմի հանձնաժողովի քննության արդյունքները, որպեսզի պարզ
դառնա անցյալում տեղի ունեցած քննության արդյունավետության մակարդակը, վերլուծվի հանձնաժողովի
աշխատանքը և ամրացվի ԱԺ-ի կողմից իրականացվող քննությունների նկատմամբ վստահությունը։

2. Ընդդիմության և իշխանության հարաբերությունները, ինչպես նաև բոլոր քաղաքական ենթատեքստ ունեցող հարցերը,
չպետք է քննարկման առարկա դառնան հանձնաժողովի նիստերում։ Այդ քննարկումներից զերծ
մնալու գլխավոր պատասխանատուն՝ հանձնաժողովի նախագահն է։

3. Հանրությանը պետք է ներկայացվի՝  պատերազմի մասնակիցների, իրենց
հարազատների և քննվող իրադարձությունների այլ վկաների ներգրավվման չափանիշները։

4. Հանրությանը պետք է ներկայացվի՝  տեղեկատվություն այն փորձագետների
մասին, ովքեր մասնակցելու են Հանձնաժողովի աշխատանքին՝ նրանց ներգրավվածության ժամկետներն
ու ընտրության չափանիշները։

5. Հանձնաժողովի նախագահը խոսեց այն մասին, որ բացի ամփոփիչ նիստից հետագա բոլոր նիստերը լինելուն են փակ։ Այդ
պայմաններում հանձնաժողովի աշխատանքի եզրակացությունը չի վայելելու հանրության վստահությանը,
որն ինչպես անցյալ՝ այդպես էլ ներկա իշխանության հետ գտնվում է խորը փոխվստահության
ճգնաժամի մեջ։ Հետևաբար՝ այս եզրակացությունը չի կարողանալու հիմք լինել բանակի բարեփոխումների
մշակման համար։ Պետք է վերանայվեն գաղտնիության վերաբերյալ մոտեցումները կամ ապահովվի
լայն շերտերի վստահություն վայելող ապաքաղաքական ներկայացուցիչների ներգրավվումը՝  հանձնաժողովի աշխատանքի մեջ։

Բանակի բարեփումները պետք է տեղի ունենան կարճ ժամանակում, բայց դրա հետ մեկտեղ՝ ճշգրիտ և կշռադատված ծրագրով:

ՌեֆորմԱրմենիա բարեփոխումների մշակման կազմակերպություն:

Հետ